Ծաղկաձորը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում և ունի շուրջ 2000 բնակիչ: Քաղաքը տեղակայված է Թեղենիս լեռան լանջին, Մարմարիկ գետի ձախ ափին` ծովի մակերևույթից 1845մ բարձրության վրա: Քաղաքի հյուսիս և հարավ ձգվող զառիթափ լեռնաշղթաները ծածկված են անտառներով, իսկ արևմուտքից արևելք հոսում է Տանձաղբյուր գետը` լցվելով Հրազդանի վտակ` Մարմարիկ գետ:
Ծաղկաձորը հայտնի հանգստավայրի իր համբավը պահպանել է հատկապես ԽՍՀՄ տարածքում և Հայաստանի քաղաքացիների հետ այստեղ հանգստանում էին նաև ԽՍՀՄ քաղաքացիները: Այդ շրջանում Ծաղկաձորի հովտում գործում էին մոտ երկու տասնյակ պիոներական ճամբարներ ու հանգստյան տներ: Երբ 1972-ին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքը շատ արագ հաղթահարեց ճգնաժամը և այժմ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի զբոսաջրջության առաջնակարգ կենտրոններից մեկն է՝ ժամանակակից հյուրանոցներով, ռեստորաններով, ժամանցի վայրերով, առևտրի ու սպասարկման բարձրակարգ հաստատություններով, բարեկարգ փողոցներով և ժամանակակից քաղաքային կոմունիկացիայի բոլոր հնարավորություններով:














