Ծաղկաձոր / Տեսարժան վայրեր
Ծաղկաձորի տեսարժան վայրերը
Բացի գեղատեսիլ բնությունից ու անտառային գեղեցիկ տեսարաններից, Ծաղկաձոր քաղաքն ունի նաև պատմամշակութային նշանակության տեսարժան վայրեր, այդ թվում` «Կեչառիս» վանական համալիրը և Օրբելի եղբայների տուն-թանգարանը:Ծաղկաձորի անգին զարդը «Կեչառիս» վանական համալիրն է (XI-XIIIդդ.), որը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից: Գլխավոր եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` 1033-ին: Քիչ հարավ գտնվող Սբ. Նշան եկեղեցին (XI դար,առաջին կես) գլխավոր եկեղեցուց բաժանվում է մի քանի խաչքարերով, իսկ հարավային մասում գտնվում է Կաթողիկե եկեղեցին, որը եկեղեցիներից ամենաշքեղն է: Համալիրի չորրորդ եկեղեցին (1220թ.) տեղակայված է հիմնական համալիրից որոշակի հեռավորության վրա: «Կեչառիս»-ի վանական համալիրը, որը միջնադարյան Հայաստանի կրթամշակութային, ուսումնական և հոգևոր հզոր կենտրոններից մեկն էր, ամբողջովին վերականգնված է և ծառայում է որպես Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի:
Դեպի Թեղենիսի բարձունք տանող Ծաղկաձորի ճոպանուղին, որը քաղաքի գլխավոր այցեքարտերից է, ունի հինգ կայաններ: Դրանցից հինգերորդը շահագործման է հանձնվել հատուկ զբոսաշրջիկների համար, իսկ ջեռուցվող նստարանները ապահովում են նրանց հարմարավետ վերելքը: Մի կայանից մյուսն անցնելիս` կարելի է մի գավաթ տաք սուրճ կամ թեյ վայելել ճոպանուղու տարածքում գործող սրճարաններում: Ճոպանուղին Թեղենիսի բարձունք է հասնում 40 րոպեում: