Տուրիզմ
Տուրիզմ Հայաստանում
Հայաստանն աշխարհին հայտնի է իր բացառիկ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, ժողովրդի հյուրընկալությամբ ու հյուրերի հանդեպ ջերմ վերաբերմունքով: Որպես տուրիստական երկիր, Հայաստանը տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը միջազգային շուկայում, քանի որ այն կարող է աշխարհին ներկայանալ ինչպես իր բազբադարյա մշակութով, այնպես էլ գեղատեսիլ բնությամբ:Հայկական լեռնաշխարհի մարգարիտը համարվում է կապուտակ Սևանա լիճը, որ ունի բյուրեղյա թափանցիկ ջուր և շրջապատված է գեղատեսիլ բնությամբ: Իրենց գեղեցկությամբ ու հմայքով հայտնի են նաև Մեծ Իշխանասար լեռան լանջին գտնվող Սև լիճը` Սյունիքում, Արեգունի լեռնաշղթայի անտառապատ լանջին գտնվող Պարզ լիճը`Դիլիջանում, և վեհաշուք Արագած լեռան կանջին գտնվող Քարի լիճ կոչվող լճակը:
Իր անզուգական բնությամբ ու մեղմ կլիմայով զբոսաշրջիկներին գրավում է Դիլիջան քաղաքը, որը հայտնի է նաև հանքային ու բուժական ջրերով: Ոչ պակաս հաճելի կլիմայով, բնական բուժիչ հանքային ջրերի բազմազանությամբ հայտնի են նաև Ջերմուկ և Արզնի քաղաքները: Ջերմուկի բազմաթիվ տեսարժան վայրերից ամենահայտնին Ծոփքի ջրվեժն է, որի ջուրը երկու երրորդով կազմված է հանքային ջրերից և հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեր երկրի հյուրերի ուշադրությունը գրավում է նաև Հայաստանի ամենաբարձր և ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը` Շաքեի ջրվեժը:
Թեղենիս լեռան լանջին գտնվող Ծաղկաձոր քաղաքն արդեն աշխարհին հայնտի է իր անզուգական բնությամբ, տաք կլիմայով և հրաշալի վայր է հատկապես լեռնադահուկային սպորտի սիրահարների համար:
Յուրօրինակ բնությամբ, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, պատմամշակութային հուշարձաններով աշխարհին հայտնի է նաև Խոսրովի արգելոցը: Այստեղ նույնիսկ կարելի է տեսնել վաղ քրիստոնեական կացարաններ ու եկեղեցիներ:
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար անգնահատելի հարստություն է նաև Սոճուտ բուսաբանական անտառ-արգելոցը` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, որտեղ ցանակացած մարդ իրեն զգում է ինչպես դրախտում:
Կարելի է անվերջ թվարկել Հայաստանի գեղատեսիլ վայրերը, որտեղ հրաշալի բնության գրկում կամ անառիկ լեռների լանջերին տեղակայված են միջնադարյան եկեղեցիներ ու վանքեր, քրիստոնեական և նախաքրիստոնեական շրջանի բերդեր ու ամրոցներ, և իզուր չէ, որ օտարազգիներն Հայաստանը անվանում են Թանգարան բաց երկնքի տակ: